Երկու օր Երևանում կքննարկվեն հարցեր և խնդիրներ, որոնք կօգնեն հաշվի առնել ցեղասպանական ռիսկերը և ավելի ուժեղացնել հետագա զանգվածային ոճրագործությունները կանխելու մեխանիզմները։
«Իմ գիրքը, որը կոչվում է «Խտրականությունից մինչև մահ», վերաբերում է ՄԱԿ-ի կողմից հաստատված Մարդու իրավունքների պաշտպանությանը և ցեղասպանությունների կանխարգելմանը։ Պետք է հետևողականորեն վերահսկվի Մարդու իրավունքների պաշտպանության գործընթացն ամբողջ աշխարհում» -ասաց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը։
Առկա են օրինակներ, երբ մարդկության դեմ ուղղված մերօրյա հանցագործությունները կարող էին ժամանակին կանխվել, ինչը, սակայն չի արվել։ Նման գործընթացների ականատեսն ենք Սուդանում, Միանմայում, Պաղեստինում։ Եթե մեղավորները ձերբակալվեին ու ենթարկվեին պատասխանատվության, գուցե մյուսներն իրենց ոճիրներն իրականացնելուց առաջ լավ կխորհեին այդ մասին։ Անպատժելիությունը հանգեցրել է նրան, որ այսօր իրականացվում են նոր ցեղասպանություններ»,- ասաց Օ՛Բրայենը։
Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ Մելանի Օ՛Բրայենը նկատեց, որ այն հիմնական միջազգային հանցագործությունները, որոնց մասին խոսվում է՝ ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն, բոլորն էլ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում տարբեր համատեքստերում և երբեմն էլ տարբեր ժամանակներում:
«Եղել են ռազմական հանցագործություններ, քանի որ հակամարտություն էր ընթանում, ունենք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են խաղաղ բնակչության նկատմամբ՝ համատարած կամ համակարգված հարձակման շրջանակներում: Դուք, անշուշտ, կարող եք պնդել, որ դա տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ»,-շեշտեց զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտումներին, ապա էթնիկ զտումների իրավական եզրույթ գոյություն չունի:
«Այն իրականում՝ որպես հանցագործություն, գոյություն չունի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում կամ պայմանագրում: Մեր խնդիրներից մեկն այն է, թե ինչպես կարող ենք դա սահմանել, որպեսզի կարողանանք դատական հետապնդում իրականացնել դրա նկատմամբ: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտաքսումը կարող ենք անվանել հանցագործություն մարդկության դեմ, ինչը հնարավորություն կտար Միջազգային քրեական դատարանին իրավասություն ունենալ այդ հանցագործության նկատմամբ, քանի որ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղից պարզապես փախուստի է դիմել Հայաստան: Ցեղասպանության մասին մտածելիս՝ պետք է նշել նաև Լեռնային Ղարաբաղի պաշարման ժամանակ տեղի ունեցածի մասին: Մենք խոսում ենք սննդի բացակայության, առողջապահության, դեղորայքի բացակայության մասին: Դրանք ցեղասպանության հիմնական հատկանիշներն են: Սա ֆիզիկական ոչնչացման համար նախատեսված պայմաններ ստեղծելու հանցագործություն է։ Մենք տեսանք, թե ինչպես էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներից մի քանիսը մահանում սովի պայմաններում։ Մենք, առնվազն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի էթնիկ զտումը, ցեղասպանություն է տեղի ունեցել»,-հիշեցրեց Օ՛Բրայենը։
«Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին, կարևոր է նաև մտածել ավելի մեծ պատկերի մասին: Իսկ ավելի մեծ պատկերը ներառում է Ադրբեջանի դպրոցների դասագրքերը, որոնք լցված են հայերի դեմ ատելության խոսքով: Մենք նաև նկատել ենք, թե ինչպես են ոչնչացվում հայկական մշակութային արժեքները՝ վանքերը, եկեղեցիները, խաչքարերը: Չնայած մշակութային ցեղասպանության կոնկրետ հանցագործություն չկա՝ այդուհանդերձ, այս ամենը նպաստում է ցեղասպանության հանցագործությանը»,-ասաց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը:
Անդրադարձ կատարելով այն հանգամանքին, որ Թուրքիան դեռևս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Մելանի Օ՛Բրայենը նշեց, որ Անկարայի այս նարատիվը մշտական է և շարունակում պահպանվել:
«Ավելի լայն համատեքստում մտածելով՝ նշենք, որ Հայոց ցեղասպանության համար երբեք պատասխանատվություն չի եղել՝ լինի դա քրեական դատարանում, թե այլ մեխանիզմներով: Կարծում եմ, որ դա օրինակ է, թե ինչու է հաշվետվողականությունը կարևոր, քանի որ հաշվետվողականությունը կարող է օգնել դադարեցնել ժխտումը: Կարծում եմ, որ այս հարցում նույնպես կարևորը ճանաչումն է: Գիտենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի շարք կառավարությունների կողմից, ներառյալ՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և աշխարհի շատ այլ երկրների կողմից: Բայց շատ ուրիշներ, ներառյալ իմ հայրենի երկիրը՝ Ավստրալիան, չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ այդ չճանաչումը քաջալերում է Թուրքիային՝ շարունակելու հերքել այն: Ուստի, ես խրախուսում եմ բոլոր պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ գործելու միջոց»,-ընդգծեց զրուցակիցը: